Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

«Աղոթենք միասին, մնանք միաբան»

«Աղոթենք  միասին, մնանք  միաբան»
17.05.2016 | 22:09

Ապրիլյան քառօրյա պատերազմում մենք, փառք Աստծո, պատվով պաշտպանեցինք մեր Հայրենիքը, մեր հողը, մեր օջախը, մեր երեխաներին: Ցավոք, տեսանք նաև վիշտը, փորձեցինք շրջանցել այն, բայց եղան անդառնալի կորուստներ: Թշնամին թույլ տվեց մարդու իրավունքների համատարած խախտումներ` բարբարոսական և գազանային ոճրագործություններ: Դպրոցական աշակերտին սպանելու, զինվորին գլխատելու, տարեցներին իրենց անկողնում գնդակահարելու, դիակներն անարգելու դեպքեր: Իսկ ադրբեջանցի «զինվորը» պարծենում և հրճվում էր… Ցավոք, ադրբեջանական հասարակությունը սա չդատապարտեց, իսկ հարևան պետության ղեկավարները ոճրագործներին նույնիսկ հերոսացրին: Մենք կրակի միջով անցնելով էլ պահպանեցինք մեր լավագույն հատկանիշները, չնայած փորձությունը սովորեցրել է մեզ նաև դաժանի հետ լինել դաժան:
Ի՞նչ եղավ մարդու նկատմամբ հարգանքը: Մի՞թե պատերազմի ժամանակ մարդու իրավունքների մասին խոսելն անտեղի է, մի՞թե չպետք է դրվի պատասխանատվության հարցը: Մի՞թե ադրբեջանական զինվորը կորցրել էր մտածելու ընդունակությունը, թե՞ պատրաստի որոշումն էր իրագործում: Հավատացած եմ՝ կգա ժամանակը, երբ նման «որոշումներ» կայացնողներին աշխարհը կտեսնի և կդատապարտի:


Ես ընդունում եմ ազգայնականությունը, պայքարը, երբ այն մղվում է ազգային ազատագրության, անկախության կամ հայրենիքի պաշտպանության համար: Բայց երբ այն վերածվում է գաղութատիրական, նվաճողական, իսլամի կամ այլ չարիքի տարածման մտածողության և հակադրվում է քաղաքակիրթ աշխարհի արժեքներին ու նույնիսկ խրախուսվում է, այն էլ 21-րդ դարում, ես ատում և մերժում եմ այդ պայքարն ու ազգայնականությունը: Չէ՞ որ այն դեմ է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, սոցիալական արդարությանը, նույնիսկ ապրելու և կյանքի իրավունքին:


Կյանքում ամեն ինչ իր ճիշտ ժամանակն ունի, բայց այսօր աշխարհը խոսելու, դատապարտելու ժամանակը, ոնց որ, շատ է բաց թողել: Հիշում եմ՝ երբ փոքր ժամանակ գյուղում «կռիվ-կռիվ» էինք խաղում, տատս միշտ դեմ էր, որ ես «ֆաշիստի» կամ «թուրքի» կողմից լինեմ, ասում էր՝ թեկուզ խաղի ժամանակ երբեք մի եղիր «ֆաշիստ» կամ «թուրք»:
Ասում են՝ խաղաղությունն անհրաժեշտ է կյանքի համար, բայց այսօր հենց խաղաղությունը կյանք է: Չէ՞ որ այն հավերժ չէ, պետք է գնահատենք կյանքի ամեն պահը և պայքարենք սեփական անտարբերության ու չեզոքության դեմ: Մարդու իրավունքների պաշտպանությունը ոչնչով չպետք է սահմանափակվի ո՛չ քաղաքականությամբ ո՛չ էլ ռազմական գործողություններով: Ճշմարտությունը կա, այն ապացուցման կարիք չունի, ընդամենը չպետք է խուսափել նրանից, աշխարհը պետք է տեսնի և ճանաչի ագրեսորին, ոճրագործին, մարդասպանին: Հավատացեք, մարդկային կյանքը անգին է, բայց հայրենիքի պաշտպանությունը ազատ ապրելու և արարելու իրավունքը առանց վարանելու յուրաքանչյուրիս կմղեն «կրակի բերան»: Պատրաստ ենք նահատակվելու հանուն այն գերագույն արժեքների, որոնք ապացուցված են դարերի փորձությամբ: Փառք ու պատիվ Քեզ, իմ պաշտպան Զինվոր: Ես հավատում եմ Քեզ, որովհետև մեզ միավորում է հայրենիքին պաշտպան կանգնելու միասնական կամքը: Այս պատերազմը բոլորինս է, չնայած մենք պատերազմ չենք ուզում:


Ո՛չ պատերազմին, ո՛չ անաստվածությանը:
Աղոթենք միասին, մնանք միաբան բոլոր պայմաններում՝ ցանկալի խաղաղության հասնելու համար:


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ
խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ